Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Չէ՜, ա՛յ մարդ, չկա՜ նման բան, համ էլ, ախր, ես ՀՀԿ անդամ չեմ»

«Չէ՜, ա՛յ մարդ, չկա՜ նման բան,  համ էլ, ախր, ես ՀՀԿ անդամ չեմ»
11.03.2014 | 00:46

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Լևոն Մարտիրոսյանը, ասում են, վերջերս որոշել է ընդդիմադիր դառնալ, համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը:
-Ոչ, ոչ, դեռևս ոչ:
-Ի՞նչ բարենպաստ պայմանների դեպքում` այո՛:
-Դե, մենք քաղաքական գործունեությամբ ենք զբաղված, թանկագին լրագրող, այսօր իշխանություն ենք, վաղն ընդդիմություն կլինենք, մյուս օրը գուցե այլընտրանք դառնանք:
-«Մյուս» օրը չէ, «մույս» օրը։ ԲՀԿ-ի՞ն եք անդամագրվելու:
-Բացարձակապես` ոչ:
-Իսկ դաշնակցությա՞նը:
-Ընդհանրապես` ոչ։ Ես ազատական գաղափարների կողմնակից եմ:
-Իսկ ճի՞շտ է, որ վարչապետն ասել է` էս ի՜նչ վիճակ է, էս ի՜նչ տեսա, որ թիմի ներկայացուցիչը «պրիտենզիա» ունի, փոխանակ թիմում ասի, ելնում-կանգնում` բարգավաճաբար խորհրդարանի դահլիճում է ասում` նկատի ունենալով Ձեր է՜ն օրվա դիտարկումը «կուտակայինի» մասով:
-Չկա նման բան, վարչապետը նման բան չի ասել:
-Իսկ ձեր կուսակցության ներկայացուցիչ Արա Հովսեփյանին արդեն նշանակե՞լ են Որոտանի կասկադի տնօրեն:
-Սպասվում է: Հիշո՞ւմ եք, երբ նա դուրս եկավ «Հյուսիս-հարավից», ես Ձեզ ասացի, որ նա փողոցում չի մնա:
-Որովհետև «փողոցայի՞ն» չէ:
-Ո՛չ, որովհետև Արա Հովսեփյանի նման պրոֆեսիոնալ կադրերը երբեք անգործ չեն կարող մնալ:
-Իսկ որ ասել եք` պետք է գլխավոր դատախազը ոչ միայն հաշվետվություն ներկայացնի ԱԺ-ին, այլև այդ հաշվետվությունը քվեարկվի, նույնպե՞ս ազատական մոտեցումներից է բխել. չէ՞ որ գլխավոր դատախազությունն անկախ մարմին է։ Չե՞ք սիրում Գևորգ Կոստանյանին:
-Ոչ, ես նման տեսակետ չեմ հայտնել, սխալ են գրել, հակառակը, ես ասել եմ՝ դատախազն ինչո՞ւ պետք է գա, հաշվետվություն տա ու չքվեարկվի. ասել է` ես կողմ չեմ, որ դատախազը գա ու հաշվետվություն ներկայացնի:
-Այսինքն, Դուք դատախազի «կողմից» եք:
-Այո՛:
-Բա ասում էին` Հովիկ Աբրահամյանի «կողմից» եք, որովհետև այդ նա է ուզում կապել «դատախազի կոշիկների քուղերը», որպեսզի խորհրդարանն այդ քուղերի նկատմամբ իր ազդեցությունը մեծացնի:
-Չեմ կարծում: Մեկնաբանության խնդիր է, կարծում եմ, բոլորս էլ նույն բանն ենք ուզում` տարբեր մոտեցումներով։ Կարծում եմ` խնդիրն իրավաբանական է, և որևէ քաղաքական, անձնական մոտեցում չկա:
-Չկա: Ասում են` ի դեմս Ձեզ, Ֆարմանյանի («Ֆարմանյան, հեռու մի գնա»,- դիմեցինք Լևոն Մարտիրոսյանի կողքին կանգնած Սամվել Ֆարմանյանին), և ուրեմն` ի դեմս ՄԻԱԿ-ի, փորձ է արվում ՀՀԿ-ում նոր, երիտասարդական թև ստեղծել ընդդեմ մյուս` Աշոտյան-Շարմազանով-Ավագյան երիտթևի:
-Չէ՜, ա՛յ մարդ, չկա՜ նման բան, համ էլ, ախր ես ՀՀԿ անդամ չեմ:
-Ես նկատի ունեի ՀՀԿ ֆրակցիան:
-Դե՜, ֆրակցիայի ներսում ես նման փորձ չեմ անում, միգուցե Ֆարմանյա՞նն է անում:
-Անո՞ւմ եք նման փորձեր, Ֆարմանյան, ֆրակցիայի ներսում (դիմեցինք Ֆարմանյանին. «Ոչ»,- ամենայն անկեղծությամբ և ազնվությամբ ասաց Ֆարմանյանը):
-Փաստորեն, մյուս թևը կարող է վստահ շարունակել իր քայլերթը կյանքի և ՀՀԿ-ի ուղիներում:
-Այո՛:
-Ի՞նչ եք մաղթում նրանց:
-Ամենայն բարիք:
-Ի՜հ, պաշտոններ մաղթեք:
-Պաշտոններ ունեն, էլի, էլ ի՞նչ պաշտոններ:
-Վարչապետի:
-Չէ՛:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ